18 ապրիլի 2012 - 17:33 AMT
Սփյուռքի նախարարը Ալեքսանդր Մանթաշովին պարգևատրել է «Պողոս Նուբար» մեդալով

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է հայ բարերար Ալեքսանդր Մանթաշովի թոռ Ալեքսանդր Մանթաշովին և նրա որդի` Միքայել Մանթաշովին:

Ողջունելով հյուրերին` նախարարն անդրադարձել է հայ բարերար Ալեքսանդր Մանթաշովի հայանպաստ գործունեությանը` ընդգծելով նրա ազգանվեր ձեռնարկները կրթության, մշակույթի և այլ ոլորտներում:

Հայաստանում և Սփյուռքում բարեգործական գործունեություն ծավալելու, հայապահպանության գործում առանձնահատուկ ծառայությունների, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի միջև գործուն կապերն ամրապնդելու համար Հրանուշ Հակոբյանը Ալեքսանդր Մանթաշովին պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով:

Ալ. Մանթաշևը երկար տարիներ ապրել է Մոսկվայում, եղել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանության առևտրային ներկայացուցիչը: Այժմ ապրում է Ֆրանսիայում, ակտիվ մասնակցում հայապահպանական ձեռնարկներին: