29 ապրիլի 2004 - 17:21 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը անհրաժեշտ են համարում շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով բանակցությունները: Ինչպես Վարշավայից հաղորդել են հայկական ԶԼՄ-ների թղթակիցները, այդ մասին նախագահները հայտարարել են Լեհաստանի մայրաքաղաքում երեկ կայացած առանձնազրույցի արդյունքներին նվիրված ճեպազրույցի ժամանակ: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ անմիջական շփումների համար կօգտագործվեն տարբեր միջազգային միջոցառումներ: Միեւնույն ժամանակ նա հանդես է եկել ղարաբաղյան խնդիրը լուծելու համար երկու երկրների արտգործնախարարների հանդիպումների ինտենսիֆիկացման օգտին: Նրա խոսքերով, արդեն մայիսին նախատեսվում է Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը: Իր հերթին Իլհամ Ալիեւը գնահատել է բանակցությունները իր հայ գործընկերոջ հետ որպես «կառուցողական երկխոսություն», որը վկայում է հակամարտության կարգավորման ուղիների որոնման երկուստեք գործադրվող ջանքերի մասին: