Հայոց մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ամենահայտնի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը թարգմանվում է աշխարհի տարբեր լեզուներով, և լույս է տեսնելու մեկ ամբողջական գրքով: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը: Նրա խոսքով բանաստեղծությունն արդեն թարգմանվել է 30 լեզուներով, և դեռ սպասվում են այլ լեզուներով թարգմանություններ:
Հակոբյանը նշեց, որ կան նաև նույն լեզվով թարգմանությունների մի քանի տարբերակներ, և հատուկ մասնագիտական հանձնաժողովը կուսումնասիրի և կընտրի լավագույնը: Թարգմանությունների մեջ կա նույնիսկ եթովպերեն տարբերակ, պատրաստվում է նաև հնդկերենը:
Բացի դրանից, առաջին անգամ Չարենցի ընտրանին թարգմանվելու է անգլերեն:
Քանի որ այս տարի նշվում է Չարենցի ծննդյան 115, գրական գործունեության 100 և մահվան 75-ամյակները, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մինչև նոյեմբերի 27-ը սպասվում են բազմաթիվ միջոցառումներ` մրցույթներ, ասմունքի երեկոներ, շրջիկ գրադարաններ, որտեղ երեխաներն այգիներում կկարդան Չարենցի ստեղծագործությունները, կբացվեն ցուցահանդեսներ և այլն:
Տարվա փակումը տեղի է ունենալու նոյեմբերի 27-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում: