19 ապրիլի 2012 - 14:46 AMT
«Բարգավաճ Հայաստանի» քարոզարշավն ամենաշատն է լուսաբանվել եթերում

Նախընտրական քարոզչություն իրականացնող կուսակցություններից ամենից շատը հայաստանյան հեռուստաեթերում հետևյալ հաջորդականությամբ եղել են` «Բարգավաճ Հայաստան», Հայ հեղափոխական դաշնակցություն, «Օրինաց երկիր», «Ժառանգություն», Հայաստանի Հանրապետական, Հայ ազգային կոնգրես, Դեմոկրատական, Կոմունիստական ու Միավորված հայեր կուսակցությունները: Այս մասին ապրլի 19-ին եթերաժամանակի մոնիտորինգի արդյունքների ամփոփմանն ասաց ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը:

Նրա խոսքով` քաղաքական ուժերը նախընտրական քարոզչությունից օգտվել են այնքանով, որքանով նպատակահարմար են գտել: «Նրանք ինչպես անվճար, այնպես էլ վճարովի կարգով հեռուստաժամանակից անհամաչափ են օգտվել, ինչն անհագստության տեղիք է տալիս»,- ընդգծեց նա:

Ամալյանը հավելեց, որ ընդհանուր տպավորությամբ լրատվամիջոցներին հաջողվել է քաղաքական ուժերի համար ապահովել հավասար պայմաններ: ՀՌԱՀ-ը միայն գրություններ է ուղարկել Հանրային հեռուստաընկերությանը` ՀՀԿ-ին ավելի շատ անդրադառնալու, «Կենտրոն»-ին և Հանրային երկրորդին` ԲՀԿ-ին և «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը` նախապատվությունը ՀՅԴ-ին տալու համար: «Դա ոչ թե նախազգուշացում է, այլ նպատակ ունի վերականգնել լուսաբանման հավասարակշռությունը»,-նշեց ՀՌԱՀ նախագահը:

Ամալյանի կարծիքով` այժմ այս անհամաչափությունը չի գնահատվում իբրև իրավական խախտում, քանի որ քարոզարշավը շարունակվում է, իսկ եթե պարզվի, որ հեռուստաընկերությունն իրոք անհավասար է լուսաբանում քարոզարշավի ընթացքը, ապա կկիրառվի վարչական տույժ` առավելագույնը մեկ մլն դրամի չափով, հեռուստաընկերությունը նաև կարող է զրկվել լիցենզիայից:

Հանձնաժողովին նախընտրական քարոզչության վերաբերյալ հաշվետվություն չտրամադրելու համար արդեն վարչական տույժի է ենթարկվել երկու` Հրազդանի «Սիրակ» և Սպիտակի «Աննա և Կարեն» հեռուստաընկերությունները:

ՀՌԱՀ հաջորդ հաշվետու շրջանը կամփոփվի ապրիլի 25-ին: