19 ապրիլի 2012 - 19:20 AMT
Հայաստանի նախագահ. Ատոմային էներգիան կենսական նշանակություն ունի երկրի համար

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին:

Ողջունելով հյուրին` նախագահն ընդգծել է, որ ատոմային էներգիան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն, և երկիրը մեծապես կարևորում է Ատոմայինէներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը` այն համարելով Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության կարևոր բաղկացուցիչ:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ն և Հայաստանը ունեն միասնական նպատակ` դա գործող կայանի անվտանգության միջոցառումների շարունակական ամրապնդումն է և նոր կայանի կառուցման շուրջ սերտ համագործակցությունը: