29 ապրիլի 2004 - 23:19 AMT
ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ
Ապրիլի 27-ին Ֆրանսիայի Արնուվիլ լե Գոնես քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացումը: Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդուարդ Նալբանդյանը, Արնուվիլ լե Գոնեսի քաղաքապետ Միշել Օմասը, Ֆրանսիայի պետական եւ քաղաքական գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Իր ելույթում դեսպան Է.Նալբանդյանը մասնավորապես նշել է, որ նորաբաց հուշարձանը գալիս է լրացնելու չորս տասնյակ այլ հուշարձանների շարքը, որոնք կան Ֆրանսիայի ողջ տարածքում եւ մարտահրավեր են Հայոց ցեղասպանության փաստի ժղտողական քաղաքականությանը: Նա հիշեցրել է Ֆրանսիայի արդարադատության նախարարի խոսքերն այն մասին, որ Ֆրանսիայում 2001թ. ընդունված Հայոց ցեղասպանության մասին օրենքով կարելի է քրեական պատասխանատվության ենթարկել տվյալ պատմական փաստը ժխտողներին: Հուշարձանի բացմանը զուգընթաց Արնուվիլ լե Գոնեսում անց են կացվում հայ մշակույթի օրեր: