19 ապրիլի 2012 - 22:12 AMT
EuFoA. Եվրախորհրդարանականները կարողացան ղարաբաղյան հարցում խուսափել Ադրբեջանի լարած թակարդներից

Ապրիլի 18-ին Եվրոպական խորհրդարանը երկու բանաձև է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի հետ ասոցացման համաձայնագրերի վերաբերյալ բանակցությունների համատեքստում, հաղորդում է «Հայաստանի եվրոպական բարեկամների» (EuFoA) գրասենյակը: EuFoA-ն ողջունում է այն, որ Եվրախորհրդարանի բանաձևերում գերակշռում են Արևելյան գործընկերության հիմնարար արժեքները և հատկապես` վերաբերմունքը ժողովրդավարացման հանդեպ ու հավասակշռված մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանդեպ: Զեկույցը բարենպաստ է Հայաստանի համար, բայց և հիշեցնում է, որ կատարման համար անհրաժեշտ պայմաններ են մնացել:

Մասնավորապես, Եվրախորհրդարանը հստակ խոստովանում է, որ Հայաստանն «ավելի եվրոպական» է դարձել, և ԵՄ կողմից ավելի մեծ օգնության կոչ է անում հանրապետության եվրաինտեգրացիայի գործընթացում, հայտնել է EuFoA գլխավոր քարտուղար Մայքլ Քեմբեքը:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Եվրախորհրդարանը վճռականորեն օժանդակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված Մադրիդյան սկզբունքների բոլոր կետերի փաթեթային կատարմանը, այդ թվում և «անվտանգության միջազգային երաշխիքներին, որոնք կներառեին Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ ապագա իրավաբանորեն պարտադիր ազատ կամարտահայտման համար պատշաճ պայմանների ստեղծման նպատակով բազմազգ խաղաղապահական օպերացիան»: Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի մասին` Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպա-Հայաստան խորհրդատվական խմբի անդամ Անդրեյ Կովաչևը հայտնել է լիագումար նիստում, որ «այդ հարցը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով միջազգային իրավունքի շրջանակում և համաձայն Մինսկի խմբի հետ համաձայնեցրած սկզբունքների: ԵՄ դերի ուժեղացումը տարածաշրջանում մեզնից պահանջում է զգույշ լինել մեր գնահատականների հարցում, այնպես որ մենք չպետք է հիմնախնդրի փոխըմբռնելի լուծմանը հասնելու հարցում օգնելու փոխարեն (իսկ մենք կարող ենք դա անել) իրականում դժվարացնենք այն»: Քեմբեքը նկատել է, որ «Եվրախորհրդարանը կրկին արտահայտվել է ի օժանդակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի և շարունակում է իր հավարակշռված մոտեցումը ի հեճուկս Ադրբեջանի կողմից աննախադեպ լոբբիստական քարոզարշավի: Ես ուրախ եմ, որ այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանի պատգամավորներն ավելի մանրամասն ուսումնասիրեցին բոլոր հարցերը, նրանք կարողացան նկատել Ադրբեջանի լարած թակարդները»: