20 ապրիլի 2012 - 09:24 AMT
«Ժողովուրդ». Ծառուկյանի ոսկեգույն ատրճանակը Սերժ Սարգսյանի նվերն է

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ատրճանակը, որը դարձել է մամուլում վերջին օրերի ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը, ուշագրավ ծագում ունի: «Ժողովուրդի» տեղեկություններով` ոսկեգույն ատրճանակը Ծառուկյանին է նվիրել անձամբ Սերժ Սարգսյանը: ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը թերթի հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է այդ լուրերը, միայն ասել է. «Հերիք է քչփորեք այդ թեման, լա՛վ էլի, ա՛յլ բանի մասին խոսեք»:

Էջմիածևում կայացած հանդիպման ժամանակ, երբ քամին բարձրացրել էր Ծառուկյանի կոստյումի փեշը, երևացել էր գոտու մեջ խրված ատրճանակը: Ծառուկյանը հայտարարել էր, թե դա «Վերտու» հեռախոս է, իսկ նախօրեին ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն այլ բան էր պնդել` ասելով, որ իր տպավորությամբ դա իրոք զենք է:

Ի դեպ, թեև ԲՀԿ-ից հերքում են, որ Ծառուկյանը զենք է կրում, այնուամենայնիվ նա դրա իրավունքն ունի բոլոր օրենքներով, նաև որպես երկրի անվտանգության խորհրդի անդամ: