20 ապրիլի 2012 - 13:54 AMT
ԲՐԻԿՍ երկրները պատրաստ են համալրել ԱՄՀ ռեսուրսները միայն լիազորությունների ընդլայնման դեպքում

ԲՐԻԿՍ (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) երկրները պատրաստ են մասնակցել Արժույթի միջազգային հիմնադրամի ռեսուրսների համալրման ծրագրին, եթե նրանց լիազորությունները կառույցում ընդլայնվեն: ԲՐԻԿՍ երկրների այդ դիրքորոշումը հրապարակել է Բրազիլիայի ֆինանսների նախարար Գիդո Մանտեգան, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: «Մենք դեռ չենք կարող կոնկրետ թիվ նշել, քանի որ կան նախնական պայմաններ, որ պետք է պահպանվեն»,-ասել է նա:

ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը հայտարարել է, որ ԱՄՀ-ն մոտ 400 մլրդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի: Ըստ նրա, այդ միջոցներն անհրաժեշտ են հիմնադրամին, եվրոյի գոտու ճգնաժամին հակազդելու համար:

Եվրոպական երկրներն ու Ճապոնիան պատրաստ են տրամադրել մոտ 320 մլրդ դոլար: Մնացած 80 մլրդ դոլարը կառույցը հուսով է ստանալ ԲՐԻԿՍ-ից: