Մայիսի 4-ին Դոնի Ռոստովի մարզային թանգարանում կբացվի հայտնի նկարչուհի Գայանե Խաչատուրյանի «Հայելանման ծաղկավաճառուհին» խորագրով ցուցահանդեսը: Ինչպես հայտնում են ռոստովյան ԶԼՄ-ները, այն նվիրվում է նկարչուհու 70-ամյա հոբելյանին: Ցուցահանդեսը կազմակերպել է Ռոստովի պետական պատկերասրահը՝ «Գայանե Խաչատուրյան» միջազգային հիմնադրամի հետ համատեղ:
Այս մեծամասշտաբ նախագիծը Դոնի Ռոստովում իրականացվելու է առաջին անգամ` 2009 թ-ի Վենետիկի բիենալեի փառահեղ ցուցադրությունից հետո: Վենետիկում Գայանեի նկարներն իսկական ֆուրոր առաջացրեցին պաշտոնյաների, հյուրերի և այցելուների շրջանում:
Ռոստովում արվեստասերների դատին է հանձնվելու հիմնադրամի նախագահ Վալերի Խանուկաևի անձնական հավաքածուից 40 նկար: Ռոստովի հայկական մշակույթի կենտրոնում անցկացվելու է ցուցահանդեսի 2-րդ մասը, որտեղ կներկայացվեն 60 գրաֆիկական աշխատանքներ, լուսանկարներ և նկարչուհու արխիվը:
Ցուցահանդեսի կազմակերպիչները պատահական չեն ընտրել Դոնի Ռոստովը որպես ցուցադրության վայր: Նկարչուհին միշտ երազել է ցուցադրվել հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդավայրում:
Ռոստովից հետո «Հայելանման ծաղկավաճառուհին» ամռանը ճանապարհ կընկնի դեպի Ավստրիա (Վիեննա, Սանկտ Պյոլտեն և Զալցբուրգ):
Նախագծի ցուցադրությունը կավարտվի Մոսկվայի Ժամանակակից արվեստի թանգարանում աեպտեմբերից նոյեմեր ամիսներին:
Գայանե Լևոնի Խաչատուրյանը (1942-2009) թթ. ողջ կյանքն անցկացրել է Թբիլիսիում: Շուրջ 700 գեղանկարների և գրաֆիկական աշխատանքների հեղինակ է: Նկարչուհին իր ողջ կյանքում ապրել է աղքատության մեջ, ունեցած գումարով էլ օգնել է Թբիլիսիի հայկական թատրոնին: Գայանե Խաչատուրյանը մահացել է 2009-ին Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում: Նրա աճյունը հանգչում է Թբիլիսիում, Հայ գրողների և հասարակական գործիչների` Խոջիվանքի պանթեոնում:
Նկարչուհու աշխատանքները հիացրել են ամբողջ աշխարհի արվեստասերներին: Նրա արվեստի երկրպագուներն են դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը, Ջոն Լենոնի այրի Յոկո Օնոն, մոդելավորող Իվ Սեն-Լորանը: Նրան մեծարել է ռեժիսոր Անդրեյ Տարկովսկին: Նրան այժմ դասում են Ֆրիդա Կալոյի և Մարկ Շագալի շարքին: