20 ապրիլի 2012 - 13:17 AMT
Չարենցավանում փլուզվել է 4-րդ կարգի վթարայնության շենքի պատը

Ապրիլի 19-ին՝ ժամը 15.37-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 7-րդ թաղամասի թիվ 15 շենքի մասնակի փլուզման մասին: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում փլուզվել են ՀՀ ԿԳՆ-ին պատկանող 4-րդ կարգի վթարայնության շենքի հենասյան երեսպատման տուֆե սալիկները` 3 քմ մակերեսով: Դեպքի վայրում են գտնվել նաև Չարենցավանի քաղաքապետարանի աշխատակիցներ: Չարենցավանի քաղաքապետարանին կառաջարկվի վերաբնակեցնել տվյալ շենքի բնակիչներին: