1 մայիսի 2004 - 18:38 AMT
ԱՆԿԱՐԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամկետն առաջիկայում կճշգրտվի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը, նախօրեին լրագրողներին Բաքվում հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ահմեդ Ունալ Չեւիքեզը: Նրա խոսքերով` բոլոր նախարարները սկզբունքորեն համաձայնություն են տվել հանդիպմանը, որտեղ կքննարկվեն երեք երկրներին վերաբերող հարցեր: Մինչդեռ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը Երեւանում նույն օրը հայտարարել է լրագրողներին, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպման ոչ մի պաշտոնական հրավերք նա չի ստացել: Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական «Զաման» թերթը տեղեկացրել էր, որ նման հանդիպում հնարավոր է անցկացվի Ստամբուլում` ՆԱՏՕ-ի հունիսյան վեհաժողովի ընթացքում: