Երևանի տարածաշրջանային համար 1 քոլեջում այսօր տեղի ունեցավ «AJA ոսկերչական դպրոց»-ի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Հայաստանի ոսկերիչների ասոցիացիայի (AJA) նախագահ Գագիկ Գևորգյանը:
Դպրոցի բացման կապակցությամբ Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ նման նախաձեռնությունները երկարատև ջանքեր ու ռեսուրսներ են պահանջում, բայց համատեղ ուժերով հնարավոր է դա իրագործել: Եվ ավելացրեց. «Գալով արտահանումից` մենք վերադառնում ենք արդյունաբերությանը, հիմա նաև կրթությանը, որը տնտեսական խնդիրների համար հիմնարար և ուղղորդված լուծում է»:
AJA նախագահ Գագիկ Գևորգյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ նման դպրոցի բացումը շատ կարևոր էր. «Ժամանակն է, որ հայ ոսկերիչ արհեստավորնեը լինեն նաև դիզայներներ և, ինչո՞ւ ոչ, արհեստը դարձնեն արվեստ»:
Սփյուռքի նախարարն էլ կարևորեց նման քոլեջներն, ասելով, որ հայերի մեջ կա ոսկերչության, կրթության և բարերարության գեն, և այս քոլեջը հենց այդ 3 գենետիկ կոդերի միավորումն է:
AJA նախագահ Գագիկ Գևորգյանն ու քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանը պայմանագիր ստորագրեցին, որով քոլեջում բացվեց «AJA ոսկերչական դպրոց»-ը:
Գագիկ Գևորգյանի խոսքով, 2 օրից Արցախում և հունիսին Լոս Անջելեսում ևս կբացվեն նմանատիպ դպրոցներ: