20 ապրիլի 2012 - 21:40 AMT
Աշոտ Հովակիմյանը քննարկել է բրազիլացի գործընկերների հետ երկկողմանի համագործակցության հեռանկարները

«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության տարեկան համաժողովինմասնակցելու համար Բրազիլիայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ապրիլի 16-ին հանդիպեց Բրազիլիայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ռույ Նոգեյրայի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-բրազիլական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում` Բրազիլիայի արտաքին գործերի նախարարի Հայաստան կատարելիք այցը, հայ-բրազիլական տեխնիկական համագործակցությունը, երկկողմ հարբերությունները կարգավորող իրավական դաշտը: Բրազիլական կողմի խնդրանքով Աշոտ Հովակիմյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Ռույ Նոգեյրան հավաստիացրեց, որ Բրազիլիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ որևէ փոփոխություն չի կրել, և իր երկիրը շարունակում է կիսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը:

Ապրիլի 18-ին Հովակիմյանը հանդիպեց Բրազիլիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վերա Մաշադույի հետ:Երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի վերաբերյալ գոհունակություն հայտնելուցհետո կողմերը կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանային տարբեր խնդիրների շուրջ: Նույն օրը Աշոտ Հովակիմյանը հանդիպեց Բրազիլիայի Ազգային կոնգրեսի պատգամավորների պալատի փոխնախագահ Ռոզի դե Ֆրեյտասի հետ: Կողմերը շեշտեցին երկկողմ հարաբերություններում միջխորհրդարանական կապերի ամրապնդման, փոխադարձայցելությունների ակտիվացման կարևորությունը: Հատուկ նշվեց բարեկամության խմբերի դերը: Այդ կապակցությամբ Ռոզի դե Ֆրեյտասը տեղեկացրեց, որ օրերս Բրազիլիայի խորհրդարանում պաշտոնապես վերակազմավորվել է «Բրազիլիա-Հայաստան» խումբը, որը գլխավորելու է հայազգի պատգամավոր, հանրահայտ դերասան Ստեփան Ներսիսյանը: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանի Ազգային ժողովում նույնպես անկասկած կվերակազմավորվի «Հայաստան-Բրազիլիա» խումբը և հավաստիացրեց ՀՀ ԱԳՆ աջակցությունն այդ հարցում: