Ապրիլի 21-ին Երևանում մեկնարկել է «Բրենդեր և բիզնես» (brands&business)միջազգային կոնֆերանսը, որի կազմակերպիչն է Maeutica բրենդինգային գործակալությունը «SPRING» ռազմավարական ընկերության PR-աջակցությամբ:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Maeutica բրենդինգային գործակալության տնօրեն Հայկուհի Տաքսիլդարյանը, բրենդերի շուկան Հայաստանում դեռևս զարգացած չէ, սակայն որոշ ակտիվացում է նկատվում: «Դա կապված է հանրության զարգացման որոշակի փուլի և կյանքի որակի հետ, երբ մարդկանց չեն գոհացնում հասարակ ապրանքներն ու ծառայությունները և առավել գրավիչ պրոդուկտների պահանջարկ է առաջանում»,-ասել է նա: Նա հավելել է նաև, որ «Բրենդեր և բիզնես» նախագծի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում առաջին ուսուցողական հավաքածուի թողարկումը, որտեղ ներկայացված կլինեն հայկական լավագույն բրենդինգի և բրենդ հաղորդակցությունների օրինակները, դրանց վիզուալիզացիան և գաղափարախոսությունը: Հաջողված դեպքերի (case study) ժողովածուն անվճար տրամադրվելու է բոլոր ԲՈՒՀ-երի մասնագիտական ամբիոններին:
Կոնֆերանսին մասնակցում են ոլորտի լավագույն մասնագետները՝ Mindscapes-ի հիմնադիր, թրեյներ Յոնաթան Դոմինիցը, INSTID London գործակալության ղեկավար, բրենդինգային ռազմավարության տնօրեն Ալեքսանդր Գրանդը, այդ ընկերության տարածաշրջանային բրենդավորման տնօրեն Ջերեմի Հիլդրեդը, ինչպես նաև Maeutica Moscow Brand Consultancy-ի գործադիր տնօրեն Գրիգոր Բադալյանը և Saffron Brand Consultants ռազմավարական բաժնի ավագ մասնագետ Սահիլ Սաչդևը: Մասնագետները հանդես կգան զեկույցներով:
Maeutica ընկերությունը գործում է հայկական շուկայում արդեն 5 տարի, իսկ այս տարի պայմանագիր է կնքել բրիտանական INSTID ընկերության հետ և իր ներկայացուցչությունն է բացել Մոսկվայում՝ Maeutica Moscow Brand Consultancy: Արդյունքում ընկերությունը ռեբրենդինգի է ենթարկվել և այժմ կոչվում է Maeutica brands&business.