21 ապրիլի 2012 - 16:51 AMT
Ամերիկյան համալսարանում դասախոսություն կկարդա միջազգային իրավագետ Ջեֆրի Ռոբերտսոնը

Հայաստանի Ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ապրիլի 23-ին կհյուրընկալի մարդու իրավունքների պաշպանության ոլորտում միջազգային իրավագետ Ջեֆրի Ռոբերտսոնին:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են Հայաստանի Ամերիկյան համալսարանից` իր այցի ընթացքում Ռոբերտսոնը հանդես կգա «Իրավական հայացք ցեղասպանությանը. ինչպես են գլոբալ տեղեկատվությունը և թափանցիկությունը իրավասություններ տալիս օրենքին համընդհանուր արդարությանը հետամուտ լինելու հարցում» խորագրով միջոցառմանը` «Ինչու են Հայոց ցեղասպանությունը հերքողները սխալվում» դասախոսությամբ:

Ռոբերտսոնի դասախոսությունը բաց է լինելու: Այն տեղի կունենա ՀԱՀ-ի Փարամազ Աւեդիսեան մասնաշենքի Մանուգեան դահլիճում ժամը 17:30-ին:

Դասախոսությունը «Լույս հիմնադրամի» հետ համատեղ կազմակերպվող «Բացե՛ք Ձեր միտքը» խորագրով դասախոսությունների շարքից թվով երրորդն է: Դրան կհաջորդի բանավեճ, որը կվարի ՀԱՀ-ի Իրավագիտության ֆակուլտետի դեկան Թոմաս Սամուելյանը: Քննարկումների ընթացքում Ռոբերտոսնին կմիանան նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Ռոբերտսոնը «Մարդկության դեմ հանցագործություններ. պայքար համընդհանուր արդարության համար» գրքի հեղինակն է, որը վերլուծում է մարդու իրավունքների միջազգային նորմերի կիրառումն ու զարգացումը և սկսվում է Հիտլերի՝ Հայոց ցեղասպանությունը մոռացված իրողություն որակող մեջբերմամբ: