23 ապրիլի 2012 - 15:46 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Նիկոլյա Սարկոզին առաջին անգամ կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին ապրիլի 24-ին առաջին անգամ կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հայտնել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը, Սարկոզին ելույթով հանդես կգա Փարիզի Երևանյան պուրակում տեղադրված Կոմիտասի արձանի մոտ և ամբողջ Ֆրանսիայի անունից ծաղկեպսակ կդնի Կոմիտասի արձանի մոտ: Ֆրանսիայի նախագահին կուղեկցի Հանրապետական գվարդիան:

Նշենք, որ իր նախագահության ընթացքում Սարկոզին առաջին անգամ կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը:

Ապրիլի 22-ին Ֆրանսիայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Ըստ քվեարկության արդյունքների երկրորդ փուլ են դուրս եկել Նիկոլյա Սարկոզին և Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Օլանդը:

Օլանդը հավաքել է 28,4-29,3 տոկոս, Սարկոզին՝ 25,5-27 տոկոս: Աջակողմյան Մարին լը Պենի օգտին քվեարկել է ընտրողների 18,2-20 տոկոսը:

Նախագահական ընտրությունների 2-րդ փուլը տեղի կունենա մայիսի 6-ին: Ըստ հասարակական հարցման որոշ արդյունքների, երկրորդ փուլում Օլանդը առաջ կանցնի Սարկոզիից: Վերլուծաբանները մտավախություն ունեն, որ Օլանդի հաղթանակի դեպքում քաղաքական ուժերի դասավորությունը Եվրոպայում զգալիորեն կփոխվի:

ՖՈՏՈՇԱՐՔ