23 ապրիլի 2012 - 16:25 AMT
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը ինքնաբացարկ է հայտնել

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն ինքնաբացարկ է հայտնել: ՕԵԿ անդամն առաջադրված էր թիվ 25 ընտրատարածքում: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՕԵԿ մամուլի քարտուղար Հարություն Ամիրյանը:

Նրա խոսքով` քայլը պայմանավորված է եղել կուսակցության քաղաքական որոշմամբ: «Նա կշարունակի պայքարել համամասնական ընտրակարգով»,- նշեց Ամիրյանը:

Վարդանյանը ՕԵԿ 178 անձնց բաղկացած համամասնական ցուցակում 13-րդն է:

Թիվ 25 ընտրատարածքում Մանուկ Վարդանյանի մրցակիցներն էին ինքնաառաջադրված երեք անկուսակցական և ԲՀԿ կողմից առաջադրված մեկ թեկնածու:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):