23 ապրիլի 2012 - 16:38 AMT
Ապրիլի 24-ին Երևանում ելույթ կունենա եվրոպական «Պոետները չեն պարում» խումբը

Ապրիլի 24-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համերգային հատուկ ծրագրով ելույթ կունենա «Պոետները չեն պարում» խումբը (Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Շվեյցարիա) խումբը: Համերգն իրականանալու է Հայ գրատպության 500-ամյակին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման միջոցառումների շրջանակում:

«Քաոսից դեպի հույս» (Այլևս ոչ մի շղթա) խորագրով համերգային կոմպոզիցիան դաշնամուրի, կոնտրաբասի, շամանական դափի, էլեկտրոնային ձայնային համակարգի և լիրիկական խոսքի համադրություն է և զուգակցվում է «Նաիրի» լարային քառյակի կոմիտասյան կատարումների հետ: Այն անդրադառնում է ցեղասպանությանը, վերապրումի ու ազատության թեմաներին:

Ծնունդով հոլանդացի գրող Սերժ վան Դայնհովենը և բելգիացի հարվածային գործիքների երաժիշտ Ֆրեդ ԴԲ-ն համատեղ ելույթ են ունենում 1997 թ.-ից` որպես «Պոետները չեն պարում» (Dichters Dansen Niet) խումբ: Նրանք համատեղ հեղինակել են մի շարք գրքեր, CD, ստեղծել տեսահոլովակներ ու գրական թատերական բեմադրություններ` հանդիսատես-ունկնդրի ուշադրությունը գրավելով երաժշտության, տեքստերի, պատկերների ու բեմական մատուցման յուրահատուկ ինտենսիվ ոճով: