23 ապրիլի 2012 - 17:16 AMT
Գերմանիայի ալևիներ. Հայոց ցեղասպանության ժխտումը պետք է ճանաչվի որպես քրեորեն հետապնդվող արարք

Ապրիլի 21-ին Համբուրգում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված հուշ երեկոն: Սուրբ Պետրոս եկեղեցում ներկա էին տարբեր ազգությունները ներկայացնող ավելի քան 700 հյուրեր: Միջոցառմանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ ԳԴՀ «Դաշինք 90/Կանանչներ» կուսակության առաջնորդ Ջեմ Օզդեմիրը: Նա իր ելույթում մասնավորապես նշեց, որ Թուրքիայի կառավարությունը պետք է վերջ տա Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը, իսկ թուրք հասարակությունը պետք է ըմբռնումով մոտենա հայերի պատմության այս ողբերգական էջին: Ըստ բանախոսի` Հայոց ցեղասպանության հարցը պարտադիր պետք է ներառվի թուրքական ուսումնական հաստատությունների պատմության դասագրքերում, ինչը թույլ կտա թուրք հասարակությանը ծանոթանալ իր պատմությանը և անկաշկանդ քննարկել այն:

Ելույթ ունեցավ նաև ԳԴՀ ալևիների համայնքի կենտրոնական խորհրդի ներկայացուցիչ Ալի Երթան Թոպրակը: Նա նշեց, որ իր ժողովուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և դատապարտում թուրքական կառավարության` Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը: Պրն. Թոպրակը նշեց, որ Հայոց ցեղասպանության ժխտումը պետք է ճանաչվի որպես քրեորեն հետապնդվող արարք:

Ելույթներով հանդես եկան նաև ԳԴՀ ասորիների միության և ԳԴՀ ավետարանական եկեղեցու ներկայացուցիչները, որոնք նույնպես դատապարտեցին Թուրքիայի կողմից իրականացվող պատմության վերանայման փորձերը:

Ելույթով հանդես եկավ նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը:

Միջոցառման ընթացքում «Գայանե» երգչախումբը տիկին Գ. Գրովերի գլխավորությամբ կատարեց հայկական և եվրոպական հեղինակած համարներ: Երգչախմբի կազմում են հայ, գերմանացի և թուրք կատարողներ: