23 ապրիլի 2012 - 17:46 AMT
Տաբակովն ու Մակովեցկին չեն կարողացել մասնակցել Երևանը գրքի մայրաքաղաք հռչակելու միջոցառմանը

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռուս դերասան Օլեգ Տաբակովն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել մասնակցել Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման տոնական միջոցառումներին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց հոբելյանական միջոցառումների մամլո պատասխանատու Նունե Ալեքսանյանը, դերասանի վիճակը կտրուկ վատացել է, և նա հոսպիտալացվել է:Միջոցառման հատուկ հյուրերի թվում էր նաև ՌԴ ժողովրդական արտիստ, սիրված դերասան Սերգեյ Մակովեցկին, որը նույնպես չի կարողացել գալ Հայաստան:

Ապրիլի 22-ին, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտի` Մատենադարանի առջև Երևանը հռչակվեց 2012 թ. գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաք: Շքեղ հանդիսությամբ գրքի 2011 թ-ի մայրաքաղաք Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիցիո Մակրին տիտղոսը փոխանցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, վարչապետ Տիգրան Սարգսյանը, օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ և այլոք:

Երևանն այդ պատվավոր տիտղոսը կրելու է ուղիղ մեկ տարի: