23 ապրիլի 2012 - 17:47 AMT
Մայրաքաղաքի շենքերը լվացվում և բարեկարգվում են, կամարանցումները՝ նկարազարդվում

Մայրաքաղաքի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում արդեն սկսվել են մայրաքաղաքի շենքերի լվացման, ներկման և բարեկարգման աշխատանքները, ինչպես նաև կամարանցումների նկարազարդման գործընթացը: PanARMENIAN.Net-ին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին, որ ի կատարումն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի այս մասին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում:

Մայրաքաղաքում ընթացքի մեջ են նաև նստարանների և աղբամանների տեղադրման աշխատանքները:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, մայրաքաղաքի երթուղիներում գործող ավտոբուսներում քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում են WiFi կապով ապահովելու ուղղությամբ աշխատանքները:

2012 թվականի ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքների մասով զեկուցվել է, որ աշխատանքների մեկնարկից մինչ այս պահը տարբեր վարչական շրջաններում ասֆալտապատվել է ավելի քան 295 000 քմ տարածք: Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա միջոցառումների պատշաճ կազմակերպման ուղղությամբ քաղաքապետարանի աշխատակազմի բոլոր վարչություններին և օպերատիվ ծառայություններին տրվել են համապատասխան հանձնարարականներ: