23 ապրիլի 2012 - 18:32 AMT
Պատմության թանգարանում բացվել է «Գրի հավերժությունը» ցուցահանդեսը

Այսօր` ապրիլի 23-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Գրի հավերժությունը»խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այստեղ մեկ միասնական ցուցադրությամբ հանդես են եկել չորս խոշոր թանգարաններ՝ Հայաստանի պատմության թանգարանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի թանգարանը, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանը և Հայաստանի ազգային գրադարանը՝ ներկայացնելով հայ գրավոր մշակույթի հարուստ կենսագության լավագույն ու ամենաարժեքավոր ցուցանմուշները: Ցուցահանդեսը նվիրված է հայ գրատպության 500-ամյակին:

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, Հայաստանի ազգային պատկերասրահում նախագահ Սերժ Սարգսյանը դիտել է նաև ժամանակակից նկարչուհի Արևիկ Պետրոսյանի «Հետադարձ հայացք» եռանկարը, որը նկարչուհին ստեղծել է հատուկ հայ գրատպության 500-ամյա հոբելյանի առիթով: