23 ապրիլի 2012 - 18:55 AMT
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Միլանի նահանգապետին

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունեց Միլանի նահանգապետ Գվիդո Պոդեստային` Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանի և Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ուղեկցությամբ:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը անդրադարձավ երկու ժողովուրդների պատմական բարեկամական կապերին` խոսելով Հայ Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա ջերմ եղբայրական հարաբերություններին և սերտ համագործակցությանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայոց ցեղասպանության 97–րդ տարելիցին: Վեհափառ Հայրապետը գնահատանքով ընդգծեց, որ թե´ Իտալիան, թե´ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցին ճանաչել և դատապարտել են Հայոց Մեծ Եղեռնը: Նորին Սրբությունը համոզմունք հայտնեց, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր կանխարգելել նման ոճրագործությունները մարդկության կյանքում:

Միլանի նահանգապետն անդրադարձավ մարզերի համագործակցությանը, տնտեսական-ներդրումային ծրագրերին, ինչպես նաև խոսեց Իտալիայի հայ համայնքի կարևոր ներդրման մասին երկու ժողովուրդների հարաբերությունների զորացման գործում: