23 ապրիլի 2012 - 21:47 AMT
Օբաման դեռևս շանս ունի ապրիլի 24-ին կատարելու իր խոստումը` ճանաչելով Ցեղասպանությունը

Ամերիկայի Հայ դատի հանձնաժմբի (ԱՀԴՀ) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթը Հոլոքոստի ամերիկյան թանգարանում: «ԱՄՆ նախագահն ինքն է հերքել իր պարտավորությունը` «Այլևս երբեք», երբ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակից երկու օր առաջ իր խոսքում հիշատակել է տարբեր ժողովուրդների ցեղասպանությունները, սակայն լռել է 20-րդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց ցեղասպանության մասին: Մի ցեղասպանության, որը, լինելով դեռևս նախագահի թեկնածու, բազմիցս խոստացել է ճանաչել: Նախագահ Օբաման դեռևս շանս ունի ապրիլի 24-ին կատարելու իր խոստումը` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, չնայած ամերիկյան օրենսդիրների «բերանները փակելու»` թուրքական քաղաքականությանը»,- ասել է Արամ Համբարյանը:

Համբարյանը նաև հիշեցրել է հայտնի պատմական փաստը, երբ Ադոլֆ Հիտլերը, ծրագրելով Հոլոքոստը, նկատել է. «Ո՞վ է հիմա հիշում հայերի կոտորածի մասին»: