24 ապրիլի 2012 - 16:44 AMT
Ավստրալիայում հայտնաբերվել է հին եգիպտական պապիրուս

Քվինսլենդի թանգարանում (Ավստրալիա) հայտնաբերվել են հին Եգիպտոսի ամենահայտնի ճարտարապետներից մեկի՝ Հափուի որդի Ամենհոտեպի թաղման ծիսական պապիրուսի հատվածներ: Գլանաձև ձեռագրի մասերի պատկանելությունը պատահմամբ հաստատել է եգիպտագետ Ջոն Թեյլորը:

Պապիրուսները, որոնց վրա ուշադրություն է դարձրել եգիպտագետը, ցուցադրվել են Բրիտանական թանգարանի արտագնա ցուցահանդեսին ուղեկցելու համար: Մինչ այդ դրանք պահվել են թանգարանի պահոցներում: Թեյլորը նկատել է, որ փաստաթղթերը Մահացածների գրքի մաս են Ամենհոտեպի դամբարանից, հաղորդում է Lenta.ru-ն:

Ամենհոտեպի գրքի մասերը պահվում են աշխարհի տարբեր թանգարաններում: Քվինսլենդի թանգարանի հավաքածուում այդ հատվածների գոյության մասին մինչև հիմա ոչինչ հայտնի չէր: