25 ապրիլի 2012 - 00:12 AMT
Երուսաղեմի հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել Թուրքիայի դեսպանատան դիմաց

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել են Երուսաղեմում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երուսաղեմի հայ համայնքի ակտիվիստներից Ռուբեն Նալբանդյանը, ապրիլի 24-ի առավոտյան իրենք այցելել են եկեղեցի և աղոթել Ցեղասպանության զոհերի հոգու հանգստության համար:

«Այնուհետև մենք բողոքի ակցիա ենք անցկացրել Թուրքիայի դեսպանատան դիմաց: Մեզ միացել էին նաև հայեր Ֆրանսիայից, ում հետ էլ մենք անցկացրեցինք սգո արարողությունը, որի ժամանակ ելույթ է ունեցել Հայաստանից ժամանած պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը»,- նշել է Նալբանդյանը:

Երուսաղեմում միջոցառումներին մասնակցել է 250-300 մարդ, այդ թվում` հրեաներ և արաբներ: Ելույթով հանդես է եկել Իսրայելի ներգաղթի նախկին նախարար Յայիր Ցաբանը: