8 մայիսի 2004 - 19:11 AMT
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ԱՎԱՐՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ՈՒՆԵՑԱՎ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Երկրորդ աշխարհամարտի ավարտը եւ խաղաղության հաստատումը Հայաստանի եւ հայ ժողովրդի համար ունեցան ճակատագրական նշանակություն: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ուղերձում` Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ: Նրա խոսքերով` Հայաստանը ստացավ խաղաղ աշխատանքի եւ համակողմանի զարգացման պատմական հնարավորություն: «1992 թվականից մեր ժողովրդի համար Մայիսի 9-ը դարձել է կրկնակի տոն: Շուշիի ազատագրմամբ այն ձեռք է բերել նոր իմաստ: Այս տոնը խորհրդանշում է մեր ժողովրդի անխորտակ կամքը` պաշտպանելու իր իրավունքները, ապահովելու իր բոլոր հատվածների անվտանգությունն ու ազատ զարգացումը»,- ասվում է ուղերձում: Հայաստանի նախագահի խոսքերով` խորհրդանշական է, որ հատկապես այս օրերին լրանում է ղարաբաղյան զինադադարի կնքման 10-րդ տարին: «Մենք գիտակցում ենք դրա կարեւորությունը, եւ այսուհետ եւս հավատարիմ ենք մնալու Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին»,- ասվում է ուղերձում: