25 ապրիլի 2012 - 17:32 AMT
Ընտրություններից հետո կուսակցությունները ստիպված կլինեն հաշիվ տալ ընտրողների առաջ իրենց խոստումների մասին

Իրենց վարկանիշերը բարձրացնելու համար գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունները փորձում են իրենց նախընտրական ծրագրերում ներկայացնել շատ հավակնոտ նպատակներ և խոստումներ, ապրիլի25-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: «Լավ ասացվածք կա՝ Ամենաշատ սուտն ասվում է պատերազմների ժամանակ և ընտրություններից առաջ»,- հավելել է նա:

Միաժամանակ տնտեսագետը հավելել է, որ դրական տեղաշարժեր է տեսնում նախընտրական ծրագրերի մեջ անցած խորհրդարանական ընտրությունների հետ համեմատած, քանի որ ընդգրկված են մասնագետներ, ովքեր թույլ չեն տալիս չափազանց շատ քաղաքականացնել տնտեսական բաղադրիչը: «Այս անգամ 3-4 կուսակցություններ ընտրողներին ներկայացրել են ծրագրեր կոնկրետ կատարված հաշվարկներով»,- ասել է նա և հավելել, որ կուսակցությունները հիմնականում ձգտում են շոշափել առավել «ցավոտ տեղը»՝ աշխատատեղերի ստեղծման խնդիրը: Ուստի Մանասերյանը հակված է ավելի շատ հավատալու այն կուսակցություններին, որոնք իրենց նախընտրական ծրագրում խոստանում են աջակցել այնպիսի միջավայրի ստեղծմանը, որում զարգանալու է փոքր և միջին ձեռնարկատիրությունը և մասնավոր ձեռնարկատիրությունը: «Հայաստանի նման փոքր երկրի համար նույնիսկ եթե խոստանում են ստեղծել 2000 նոր աշխատատեղ, դա նշանակում է հսկայական առաջընթաց»,- ընդգծել է նա:

Միաժամանակ Մանասերյանը հավելել է, որ «կգա մայիսի 7-ը, երբ ընտրողները կսպասեն այդ ծրագրերի իրագործմանը, ինչը իշխող կուսակցություններին և ուժերին կդնի շրջանակների մեջ, և նրանք ստիպված կլինեն հաշիվ տալ»: