25 ապրիլի 2012 - 14:35 AMT
Ադրբեջանական բանակը գնդակոծել է հայաստանյան գյուղը. Դպրոցն ու մանկապարտեզը տարհանվել են

Այսօր ժամը 11-ից 12-ի սահմաններում կրակոցներ են հնչել Տավուշի մարզի Դովեղ գյուղի հատվածում: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղապետարանի աշխատակից Մանյա Սարուխանյանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը անկանոն կրակոցներ է արձակել գյուղի ուղղությամբ, սակայն այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է:

«Մեր շրջանի զորամասի հրամանատարական կազմին տեղյակ ենք պահել, իրենք հիմա այստեղ են, ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ»,- ասաց գյուղապետարանի ներկայացուցիչը: Նա նշեց, որ անվտանգության նկատառումներով տարհանվել են գյուղի դպրոցի ու մանկապարտեզի աշակերտներն ու աշխատակիցները: