25 ապրիլի 2012 - 17:58 AMT
Apple ընկերությունն արձանագրել է եռամսյակային շահույթ 11,6 մլրդ դոլարի չափով

Ամերիկյան էլեկտրոնային գիգանտ Apple ընկերության շահույթն անցած եռամսյակում ավելացել է 94 տոկոսով մինչև 11,6 մլրդ դոլար 2011-ի նույն շրջանի հետ համեմատած: Վերջին երեք ամիսների աշխատանքի մասին հաշվետվությունն ընկերությունը հրապարակել է ապրիլի 25-ին համաշխարհային ֆինանսական շուկայում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Դրա արդյունքներն ավելի տպավորիչ են եղել, քան դա կանխագուշակել են մասնագետները: Apple-ի ակցիաներն անհապաղ արձագանքել են փոխարժեքի 8 տոկոս աճով:

Ընկերությանը մեծ շահույթ է ապահովել առաջին հերթին Չինաստանում iPhone սմարթֆոնների վաճառքի ընդլայնումը: Ընդհանուր առմամբ առաջին եռամսյակում դրանց համաշխարհային վաճառքը հասել է 35,1 մլն հատի:

Միաժամանակ մինչև 110 մլրդ դոլար ավելացել է կանխիկ գումարի չափսը, որը գտնվում է Apple հաշիվներում, նշում են մասնագետները: