25 ապրիլի 2012 - 16:10 AMT
Երևանում 1915-ի ասորի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշաքար է բացվել

Երևանի Մոսկովյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում այսօր բացվել է 1915 թվականի ասորի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշաքար: Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչների պնդմամբ՝ այն ապացույցն է, որ ցեղասպանությունից չի խուսափել նաև ասորի ժողովուրդը: Ներկաները անմեղ զոհերի հիշատակը հարգեցին մեկ րոպե լռությամբ: Հայաստանի «Աթուր» ասորիների միության նախագահ Արսեն Միխայիլովի հավաստմամբ՝ հուշաքարը նախագծվել է երկար բանակցությունների արդյունքում. «Հուշարձանի նախագիծը ներկայացրել է Հայաստանի «Աթուր» ասորիների ասոցիացիան:

Շնորհակալ ենք, որ մեզ թույլատրեցին տեղադրել այն հենց այս տարածքում: Նախագծման սկզբից մեզ աջակցել են Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս ՀՀ նախագահի, իսկ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Հանրապետական կուսակցությունը»: Հուշաքարի բացման արարողությանը ներկա էին ՀՀ Կառավարության, Ազգային ժողովի, ինչպես նաև բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական գործիչներ և դիվանագետներ, պատվիրակներ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից: