25 ապրիլի 2012 - 18:40 AMT
Լիտվայում կազմակերպվել է համերգ` նվիրված Եղեռնի զոհերի հիշատակին

Ապրիլի 24-ին Լիտվայում ՀՀ դեսպանությունը` ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ և «100 համերգ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին» ծրագրի շրջանակում, Վիլնյուսի Կոնգրես համերգային դահլիճում կազմակերպել էր համերգ` նվիրված Եղեռնի զոհերի հիշատակին: Միջոցառմանը մասնակցել է դիրիժոր Կարեն Դուրգարյանը, սոպրանո Հասմիկ Գրիգորյանը, դաշնակահար Արմեն Բաբախանյանը և բարիտոն Գևորգ Հակոբյանը:

Համերգի սկզբին իր ելույթում Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը, գնահատելով 2005թ. Լիտվայի Սեյմասի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, վստահություն հայտնեց, որ պատմական արդարության և մարդու իրավունքների համամարդկային արժեքներն ի վերջո կգերադասեն քաղաքական նպատակահարմարության, տնտեսական շահերի և ընտրովի հիշողության անցողիկ առաջնայնությունը:

Համերգին հնչեցին Պուսկունիգիսի «Հասմիկ պավանա» և Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունները, Դվարիոնասի «Դալիա», Վերդիի «Օթելլո», Չուխաջյանի «Արշակ Երկրորդ», Տիգրանյանի «Անուշ», օպերաների հատվածները, ինչպես նաև Բաբաջանյանի «Հերոսական բալլադը»:

Երեկոյին ներկա էին Լիտվայի կառավարության անդամներ, Սեյմասի պատգամավորներ, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, Լիտվայի արվեստի ականավոր գործիչներ, ակադեմիական և լրագրողական շրջանակների, Վիլնյուսում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի հայ համայնքների ներկայացուցիչներ: