26 ապրիլի 2012 - 11:00 AMT
Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարը. հակառակորդը կրակ է բացել սանիտարական մեքենայի վրա

Վերջին մի քանի օրերին հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց, ինչի արդյունքում ղարաբաղյան կողմն ունեցել է վիրավորներ: Ինչպես

PanARMENIAN.Net-ին հայտնում են Արցախի ՊՆ-ից` ապրիլի 24-ին արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա հակառակորդը «ԻՍՏԻԳԼԱԼ» զինատեսակով կրակել է սանիտարական մեքենայի վրա, որի արդյունքում վիրավորվել են ՊԲ զինծառայողներ Անդրանիկ Գևորգի Մադոյանը և Էռնեստ Միքայելի Սարգսյանը:

Վերոնշյալ փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հակառակորդը շարունակում է իր ապակայունացնող ռազմավարությունը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և, ցինիկաբար անտեսելով Ժնևյան կոնվենցիայով ամրագրված մարդասիրական դրույթները, կրակ է բացում նաև սանիտարական մեքենայի վրա, որը կրում է կարմիր խաչ տարբերանշան: