27 ապրիլի 2012 - 18:32 AMT
Սկանդալ Թուրքիայի խորհրդարանում. Թուրք պատգամավորը հրապարակավ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

«1915թ. մեծ կոտորած է տեղի ունեցել և այն բոլոր լեզուներով կոչում են «ցեղասպանություն»,-հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության անդամ Սիրի Սուրեյ Օնդերը: Թուրք պատգամավորը, ըստ Radikal-ի, հայտարարել է, որ ապրիլի 24-ին մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառմանը: Նա նաև քննադատել է նրանց, ով ասում է, թե թուրքերի նախնիները նման բան չեն արել:

Ըստ թուրք պատգամավորի, նման տառապանքները ոչնչով չես հատուցի, խոսքը գնում է մարդկության դեմ ոճրագործության մասին, որը ոչ մի գումարով չես հատուցի: Օնդերը մեղադրել է իրավիճակը սեփական շահերից ելնելով օգտագործող ուժերին և առաջարկել է խոստովանել իրողությունն ու կիսել հայերի ցավը:

Օնդերը նաև նշել է, որ «Ժողովրդական դեմոկրատական կոնգրեսի» պատգամավորների հետ մտադիր է առաջարկել Թուրքիայի խորհրդարանին ապրիլի 24-ը հայտարարել հայ ժողովրդի ցավն ու վիշտը կիսելու օր: