27 ապրիլի 2012 - 19:47 AMT
ԵԱՀԿ Մինսկի խումբն արձագանքել է ադրբեջանցիների կողմից երեք հայ զինծառայողների սպանությանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) այսօր հանդես են եկել հերթական հայտարարությամբ: Միջնորդների հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները լուրջ մտահոգություն են հայտնում հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների մասին վերջին հաղորդագրությունները, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: Նման անիմաստ գործողություններն ուժիի կիրառումից զերծ մնալու կողմերի պարտավորությունների խախտում են, ինչպես նաև հակասում են 2012-ի հունվարի 23-ին նախագահներ Սարգսյանի և Ալիևի համատեղ հայտարարության ոգուն:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դատապարտում են ցանկացած զոհ և կրկին հայտարարում, որ հակամարտության լուծման խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն: Միջնորդները կոչ են անում կողմերին հարգել 1994-ին հաստատված հրադադարի ռեժիմը և զերծ մնալ պատասխան միջոցներից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի թեժացմանը»:

27.04.2012թ.՝ժամը 04:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջև ընկած ճանապարահատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել վարորդը և ևս երկու պայմանագրային զինծառայողներ:

Պաշտպանության նախարարությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումներով վերջիններիս կյանքը փրկել հնարավոր չի եղել՝ երկու պայմանագրային զինծառայողներ մահացել են Բերդի զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, իսկ մեկը՝ Բերդի զինհոսպիտալում: Դեպքի վայրի զննության ժամանակ բազմաթիվ հրազենային հետքեր են հայտնաբերվել նաև վերը նշված ավտոմեքենայի վրա:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2–րդ մասի 1-ին (անձի կամ նրա մերձավորի սպանությունը ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 6-րդ (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) կետերով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Ապրիլի 25-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում արձանագրվել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպք: Ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել էին Տավուշի մարզի Դովեղ գյուղի պաշտպանական դիրքերը, կրակոցներ էին արձակվել գյուղի ուղղությամբ: Վնասվել էր գյուղի մանկապարտեզը և մանկապարտեզի մոտ կայանած «Գազ 53» մակնիշի ավտոմեքենան:

Անվտանգության նկատառումներից ելնելով`մանկապարտեզի սաները և անձնակազմը տարհանվել էին: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդը լռել էր: Հայկական կողմից տուժածներ և վիրավորներ չկային: