Սկսած 1920 թվականից, երբ Ալեքսադրապոլում հրատարակվեց համալսարանական առաջին գիրքը, ամերիկացի նշանավոր փիլիսոփա Ուիլյամ Ջեյմսի «Հոգեբանություն» ուսումնական ձեռնարկը, այդ ժամանակ արդեն ԵՊՀ հրատարակչության ուղին կապվեց Մայր բուհի գործունեության հետ:
Մինչ օրս ԵՊՀ հրատարակչությունը հավատարիմ է իր կոչմանը` տպագրել բացառապես ուսումնագիտական գրականություն: Այս 92 տարիների ընթացքում հրատարակչությունում տպագրվել է մոտ 5000 գիրք, որոնցից շատերն արժանացել են պատվավոր մրցանակների: Իսկ 2011 թվականին ԵՊՀ հրատարակչությունը հրատարակել է 170 անուն գիրք:
Միջոցառման ընթացքում կներկայացվեն այս ամբողջ տարիների ընթացքում հրատարակված գրքերը, որոնց մի մասը հրատարակվել է «Գալուստ Կյուլպենկյան» հիմնադրամի աջակցությամբ: Գ. Կյուլպենկյան հիմնարկության հայկական բաժանմունքի երկարամյա տնօրեն Զավեն Եկավյանի նախաձեռնած «Կյուլպենկյան հիմնարկության հայկական մատենաշարով» ԵՊՀ հրատարակչությունը տպագրել է 130 հատոր հայագիտական արժեքավոր գրքեր:
Մայիսի 2-ին` ժամը 14:00-ին, Հայկական տպագրության 500-ամյակի շրջանակում ԵՊՀ-ն կազմակերպում է համալսարանի հրատարակչությանը նվիրված միջոցառում, որին ներկա կլինեն բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր ՀՀ մշակույթի ու կրթության և գիտության նախարարություններից: Ներկա կլինի նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով ԿԳ նախարարության ոսկե հուշամեդալ կհանձնի ԵՊՀ պատվավոր դոկտոր Զավեն Եկավյանին: