28 ապրիլի 2012 - 17:25 AMT
«Մայքրոսոֆթ»-ն պատրաստ է կիսվել Հայաստանի հետ էլեկտրոնային կառավարման փորձով

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի շուկաների զարգացման գծով գլխավոր մենեջեր Վերոնիկա Պրիկրիլովային: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են Կառավարության մամուլի ծառայությունից, նրանք քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես, անդրադարձել էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացմանը, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությանը: Այս համատեքստում, վարչապետ Սարգսյանը կարևորել է միջազգային փորձի ուսումնասիրումը:

Պրիկրիլովան շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ մեր երկրում «Մայքրոսոֆթ»-ի կողմից իրականացվող ծրագրերին աջակցություն ցուցաբարելու համար և պատրաստակամություն հայտնել` կիսվել էլեկտրոնային կառավարման համակարգում «Մայքրոսոֆթ»-ի ունեցած փորձով: