30 ապրիլի 2012 - 12:30 AMT
Սարկոզին դատի կտա Mediapart-ին, որը գրել է նախընտրական քարոզարշավի համար Քադդաֆի կողմից փոխանցված 50 մլն եվրոյի մասին

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին մտադիր է դատի տալ Mediapart ինտերնետ-պորտալին, որտեղ մարտին հրապարակվել էր մի փաստաթուղթ, որի համաձայն Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադդաֆին 50 մլն եվրո է տրամադրել 2007թ Սարկոզիի նախընտրական քարոզարշավի կարիքները հոգալու համար, երկուշաբթի հաղորդել է Ֆրանս Պրեսս գործակալությունը:

«Մենք դատի կտանք Mediapart-ին…այդ փաստաթուղթը գերագույն կեղծիք է»,-լրագրողներին է հայտարարել Սարկոզին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Քաղաքական նոր սկանդալը զարգանում է այն ժամանակ, երբ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել: Մայիսի 6-ին կայանալիք ընտրություններում կհանդիպեն գործող նախագահ Նիկոլյա Սարկոզին և սոցիալիստ Ֆրանսուա Օլլանդը: Առաջին փուլի արդյունքներով Սարկոզին զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը` 27.1 տոկոս արդյունքով, մինչդեռ Օլլանդը ունի քվեների 28.63 տոկոսը: