Եվրամիության երկրների ազդեցիկ քաղաքական գործիչները մտադիր են ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնության ժամանակ հրաժարվել այցերից Ուկրաինա՝ բանտում նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հանդեպ կոպիտ վերաբերմունքի մասին պնդումների պատճառով:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ մտադիր չէ ամռանը մեկնել Ուկրաինա, իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նույնպես դիտարկում է բոյկոտի հնարավորությունը: Մայիսի 11-12-ին ծրագրված այցը Ուկրաինա չեղյալ է հայտարարել նաև Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը, իսկ Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ուկրաինայի դեսպանին և պահանջել բացատրել Տիմոշենկոյի հետ կատարվածը:
Ուկրաինայի ԱԳՆ-ը հայտնել է, որ հանդիպումների բոյկոտը «սառը պատերազմի մեթոդների» կրկնություն է:
1980 թվականին արևմտյան երկրները բոյկոտեցին Օլիմպիադան Խորհրդային Միությունում, որի մասն էր կազմում Ուկրաինան` ի նշան Աֆղանստան խորհրդային ներխուժման դեմ բողոքի: