30 ապրիլի 2012 - 19:58 AMT
2012 թվականին աշխարհում գործազուրկների քանակը կհասնի 202 մլն մարդու` 2011թ. 196 մլն դիմաց

2012 թվականին աշխարհում գործազուրկների քանակը կկազմի 202 մլն մարդ կամ աշխատունակ բնակչության 6,1 տոկոսը: Այդ մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, հայտարարել է Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ):

«Զբաղվածության տեսակետից իրադրությունն աշխարհում տագնապալի է, չկան նաև որևէ հիմքեր` հուսալու, որ իրադրությունը մոտ ժամանակներս կբարելավվի»,- նշում են ԱՄԿ մասնագետները:

Փորձագետները հաշվել են, որ 2008-2009թթ. գլոբալ ֆինանսական ճգնաժամի վրա հասնելուց հետո աշխատանքը կորցրել է 50 մլն մարդ:

Կազմակերպության հաշվետվությունում նշվում է, որ գործազուրկների թիվն աշխարհում ավելանալու է, քանի որ մի շարք երկրների, մասնավորապես եվրագոտում չի հաջողվի լուծել առկա տնտեսական խնդիրները:

2011 թվականին գործազուրկների թիվը կազմում էր 196 մլն մարդ: Մասնագետների կանխատեսումների համաձայն` առաջիկա 2013 թվականին այդ թիվը կարող է էլ ավելի մեծանալ: