2 մայիսի 2012 - 17:00 AMT
Թիկնապահները թույլ չեն տվել Սերժ Սարգսյանի առջև Թեղուտի խնդրի վերաբերյալ պաստառներ պարզել

Ապրիլի 30-ին Թեղուտի պաշտպանության մի քանի ակտիվիստներ այցելել են Ավան համայնքում տեղի ունեցած, «հավատանք, որ փոխենք» կարգախոսի տակ անցկացվող հավաքին` նպատակ ունենալով Հանրապետական կուսակցության և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին գրավոր պահանջ ներկայացնել, որպեսզի վերջինս պատշաճ կերպով իրականացնի իր պաշտոնեական պարտականությունները և հետամուտ լինի Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործման դադարեցմանը:

«Սակայն երբ մենք պարզեցինք Թեղուտի պաշտպանությանն առնչվող ցուցապաստառները, որոնց վրա չկար որևէ անպարկեշտ արտահայտություն, մի խումբ մարդիկ (ենթադրաբար` թիկնապահներ) պահանջեցին դրանք թաքցնել, իսկ հետո հենց Սերժ Սարգսյանի առջև պատառոտեցին այդ պաստառները: Այսպիսի անհանդուրժողականությունն ու վայրագությունը վկայում են այն մասին, որ երկրի ղեկավարը «փոփոխություն» ասելով հասկանում է ասֆալտծածկույթի փոփոխություն, և ոչ թե բռնապետական, անհանդուրժողական մտածելակերպի և գործելաոճի»,- PanARMENIAN.Net-ին հայտնում են Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամները:

Նրանք դատապարտում են Ավանում Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամների նկատմամբ գործադրված բռնությունը և իրենց վճռականությունն արտահայտում հետամուտ լինել, որպեսզի ամենակարճ ժամանակահատվածում դադարեցվի Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործումը. «Այդ հանքավայրի շահագործումը ոչ միայն անօրինական է և անհամեմատ ավելի մեծ տնտեսական վնասներ է պատճառում մեր պատությանը այլև, ի վերջո` գեղեցիկ չէ: Իսկ Սերժ Սարգսյանին ուղղված նամակ-պահանջագիրը կներկայացնենք մոտակա հանրահավաքներից մեկի ժամանակ»: