2 մայիսի 2012 - 17:12 AMT
Երևանի Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում բացվել է Վահրամ Փափազյանի հուշարձանը

Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում այսօր բացվեց անվանի հայ դերասան Վահրամ Փափազյանի հուշարձանը: Բացման արարողությունն անցկացնելու պատիվը տրվեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և անվանի դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանին: Արձանի հեղինակը` քանդակագործ Լևոն Թոքմաջյանն անկեղծացավ, ասելով, որ Փափազյանին հուշարձանի միջոցով անմահացնելու գաղափարը եղել է իր կյանքի երազանքներից մեկը: Չնայած, որ սա արդեն Փափազյանի երկրորդ հուշարձանն է, որի հեղինակն է Թոքմաջյանը, ինքը` հեղինակը` այն առաջինն է համարում: «Դա 20-25 տարի առաջ էր, երբ երիտասարդ էի: Գտնում էի, որ ինչ-որ բան այն չեմ արել», -ասաց Լևոն Թոքմաջյանը:

Հեղինակը պատմեց, որ ընդամենը մեկ ամիս առաջ է դիմել Երևանի քաղաքապետարան` հուշարձանը Փափազյան փողոցում տեղադրելու ցանկությամբ: Քաղաքապետարանի համաձայնությունը ստանալուն պես սկսել է աշխատել:

«Իմ մեջ այնքան նստած էր այդ կերպարը: Ես Փափազյանի ոչ մի ներկայացում բաց չեմ թողել: Նվիրումով ստեղծեցի արտիստական այս հուշարձանը: Մտածում էի, որ դա պետք է ժայռակտոր լինի, որովհետև ինձ համար Փափազը` ժայռ էր»,- անկեղծացավ քանդակագործը:

Հուշարձանի բացման արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ի դեմս Երևանի քաղաքապետի, Արաբկիր վարչական շրջանի ներկայացուցիչներ, ինչպես նաև թատերական աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանն իր խոսքում նշեց, որ այսուհետ քաղաքապետարանն էլ ավելի մեծ ուշադրություն է դարձնելու Երևանում անվանի մադրկանց արձանների կանգնեցմանը: