2 մայիսի 2012 - 20:16 AMT
ԿԸՀ-ն մասամբ բավարարել է Նիկոլ Փաշինյանի դիմումը

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր հրավիրած արտահերթ նիստում մասամբ բավարարել է թիվ 7 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումը, որով անվավեր է ճանաչել թիվ 7 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ) ապրիլի 27-ի որոշումը:

Փաշինյանը ԿԸՀ-ում բողոքարկել էր թիվ 7 ԸԸՀ-ի կայացրած որոշումը, որով ԸԸՀ-ն մերժել էր թիվ 7 ընտրատարածքում թեկնածու Սամվել Ալեքսանյանի կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած դիմումը:

ԿԸՀ-ն Նիկոլ Փաշինյանի դիմում-բողոքը մասամբ բավարարելու որոշմամբ պարտավորեցրել է թիվ 7 ԸԸՀ-ին մեկօրյա ժամկետում հրավիրել նիստ և քննել բողոքը:

ԿԸՀ արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ըստ էության, բավարարել է մեր բողոքը` թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումն ապօրինի ճանաչելով: Բայց ԿԸՀ-ն գործընթացի շարունակության ապահովումը թողնում է թիվ 7 ԸԸՀ-ին, որը վաղը պետք է քննի»:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ դիմումի փաստացիությունը հաստատող փաստաթղթերի փաթեթով իրենք պատրաստվում են դիմել թիվ 7 ԸԸՀ:

«ԿԸՀ-ն օրինական գործողությունների շղարշ է ստեղծում ու կարուսել է սարքում` մեզ ուղարկելով թիվ 7 ԸԸՀ, մինչդեռ ԿԸՀ-ն պետք է դիմեր դատարան», - հայտարարել է Փաշինյանը` նշելով, «ԿԸՀ-ն փորձում է ժամանակ շահել և արդեն իսկ տպված քվեաթերթիկներում ապահովել Սամվել Ալեքսանյանի ներկայությունը»:

Թիվ 7 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ուղղված իր դիմումի մեջ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ 2012թ. ապրիլի 19-ին թիվ 7 ընտրատարածքի ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանը 7-րդ ընտրատարածքում գտնվող Երևանի թիվ 190 դպրոցում անցկացրել է նախընտրական հանդիպում. «Հանդիպման ընթացքում նա դպրոցին տրամադրել է գումար, աշակերտներին փող է բաժանել և խոստացել է վերջին զանգի արարողությունը իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում անվճար կազմակերպել»: