21 մայիսի 2004 - 19:56 AMT
ՆԱՏՕ-Ի ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՎԱԾ Է «ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ», ԿԱՐԾՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ
Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը կարծիք է հայտնել, որ Ստամբուլում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին չմասնակցելու վերաբերյալ Հայաստանի նախագահի հայտարարությունն արված է «ներքին սպառման համար»: Այս մասին, Ա.Գյուլը հայտարարել է Մոսկվայում` Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հադիպումից հետո կայացած բրիֆինգին: Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի հունիսին Ստամբուլում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին` «հայ-թուրքական հարաբերությունների ներկա իրավիճակի պատճառով»: Գյուլն ընդգծել է, որ Ստամբուլի գագաթնաժողովի կազմակերպիչը թուրքական կողմը չի, այլ` ՆԱՏՕ-ն է: «Ստամբուլում գործում է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցչությունը: Արդյո՞ք Հայաստանը պետք է նաեւ այն փակի: Ես ենթադրում եմ, որ գագաթնաժողովին չմասնակցելու վերաբերյալ հայտարարությունն արված է ներքին սպառման համար», - ասել է թուրք նախարարը: