3 մայիսի 2012 - 21:55 AMT
Պիսկորսկի. Գերտերություններին ձեռնտու են ցանկացած հակամարտություններ, և արցախյանը բացառություն չէ

Գոյություն ունեն աշխարհաքաղաքական շրջանակներ, որոնց ձեռնտու չէ ԼՂՀ ճանաչումը` որպես անկախ պետություն: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հայտնել Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի տնօրեն Մատեուշ Պիսկորսկին, աշխարհաքաղաքական խաղացողներին ձեռնտու են ցանկացած հակամարտություններ, և արցախյանը բացառություն չէ: «Հակամարտությունների առկայությունը շատ լավ մեթոդ է կողմերի վրա ճնշում գործադրելու համար: Սակայն ԼՂՀ` որպես անկախ պետության ապագան ունի շանս. դա հայկական սփյուռքն է, որը Հայոց ցեղասպանության ճանաչմանն է հասել մի շարք երկրներում : Նույնպիսի մարտավարությունը կարող է արդյունք տալ նաև ԼՂՀ դեպքում, բայց դա երկար գործընթաց է»,- նշել է Պիսկորսկին:

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ «Մեծ Մերձավոր Արևելք» նախագիծը կարող է լրջորեն բարդացնել իրադրությունը տարածաշրջանում, և դա կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: «Վտանգը կայանում է Իրանի ապակայունացման և «Մեծ Ադրբեջանի» ստեղծման մեջ: Բայց ես կարծում եմ, որ ամեն ինչ այդքան սարսափելի չէ: Պարզապես տարածաշրջանում հակամարտության մեջ են ԱՄՆ-ն իր դաշնակիցներով և Ռուսաստանն իր դաշնակիցներով: Հուսանք, որ այն բացահայտ դիմակայության չի վերածվի»,- ընդգծել է քաղաքագետը: