3 մայիսի 2012 - 21:32 AMT
Լևոն Տեր-Պետրոսյան. Որքան մեծ լինի քվեարկողների թիվը, այնքան ավելի դժվար կլինի կեղծել ընտրությունները

Որքան շատ մարդ մասնակցի խորհրդարանական ընտրություններին, այնքան ավելի դժվար կլինի կեղծել դրանք: Այդ մասին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ հայտնել է ՀԱԿ-ի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով` չի կարելի թույլ տալ, որպեսզի երկրի ճակատագիրը որոշեն անտարբերներն ու ընտրությունների նկատմամբ հավատը կորցրածները: Նա նշել է, որ չնայած ընտրությունները կեղծելու` իշխանությունների ցանկությանը, դրան կարող են խանգարել մի շարք հանգամանքներ:

ՀԱԿ-ի առաջնորդը, մասնավորապես, նշել է միջազգային հանրության դիրքորոշումը, որը «արաբական գարունից» հետո ավելի մեծ ուշադրություն է դարձնում ժողովրդավարության ապահովման ու մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին։

Այս կապակցությամբ նա հույս է հայտնել, որ միջազգային դիտորդական առաքելություններն այս անգամ ավելի օբյեկտիվ ու սկզբունքային գնահատական կտան ընտրություններինч զգուշանալով ապօրինի իշխանություններին օրինակարգող (լեգիտիմացնող) այնպիսի վտանգավոր ձևակերպումներից, ինչպես, օրինակ, «ընտրությունները հիմնականում համապատասխանել են եվրոպական չափանիշներին» կամ «դրանք մի քայլ առաջ էին նախորդ ընտրություններից»:

Ընտրախախտումների կանխման խնդրում ի հայտ եկած մյուս նոր հանգամանքը Հայ Հեղափոխական Դաշնակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Հայ ազգային կոնգրեսի կողմից ձևավորված միասնական շտաբն է:

Տեր-Պետրոսյանն առանձնապես նշել է Սահմանադրական դատարանի կողմից քվեարկության մասնակիցների ստորագրած ընտրացուցակների գաղտնիության դրույթի հակասահմանադրականության ճանաչումը, որի դեպքում, նրա խոսքով, իշխանությունների համար գրեթե անհնար կդառնա ընտրակեղծարարության գլխավոր ռեսուրսի, այն է` ընտրացուցակներում երկրից բացակա շուրջ 700 հազ. քաղաքացիների անունների առկայության փաստի օգտագործումը։