4 մայիսի 2012 - 16:56 AMT
Կուսակցությունները ներկայացրել են իրենց պատկերացումները բանակում անհրաժեշտ բարեփոխումների մասին

«Բանակն իրականում» նախաձեռնությունը դիմել էր ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններին՝ կոչ անելով իրենց ծրագրերում ներառել բանակին առնչվող բարեփոխումների կետեր ու դրանք հրապարակել: Նախաձեռնությունից հայտնում են, որ առաջադրված քաղաքական ինն ուժերից իրենք պատասխան են ստացել միայն երեքից՝ «Միավորված հայեր» կուսակցությունից, «Ժառանգությունից» և Հայ ազգային կոնգրեսից:

Վերջինս գրել է, որ ՀՀ զինված ուժերի բարեփոխումները դիտարկում է որպես երկրում սահմանադրական կարգի վերականգնման և երկրի արմատական բարեփոխումների կարևոր մաս: ՀԱԿ ներկայացրած առաջարկների թվում են պայմանագրային կանացի զորամասերի ստեղծումը, զորակոչվածների բուժզննման կատարումը քաղաքացիական բուժհաստատություններում, ՊՆ բյուջեն թափանցիկ ու բաց դարձնելը, ՊՆ Ռազմական ոստիկանությունը, ՊՆ քննչական ծառայությունը և Զինվորական դատախազությունը լուծարելը, գաղտնիության ենթակա թողնել միայն ԶՈՒ տեղաբաշխումը, կառուցվածքը, տեղեկությունները զենքի քանակի ու որակի մասին։

«Միավորված հայեր» կուսակցությունը հավաստիացրել է նախաձեռնությանը, որ Ազգային ժողով անցնելու դեպքում անելու է հնարավորը զինված ուժերում բարեփոխումների փաթեթ ներկայացնելու ու կենսագործելու և Հայոց բանակը հասարակական կազմակերպությունների համար թափանցիկ դարձնելու ուղղությամբ:

«Ժառանգություն» կուսակցության անունից նախաձեռնությանը պատասխանել է Զարուհի Փոստանջյանը՝ գրելով, որ իրենք կարևորում են հետևյալ սկզբունքները. «Համաձայն Սահմանադրության սկզբունքների՝ բանակը ապաքաղաքականացնել, քաղաքացիներին միայն հայրենիքի պաշտպանության սկզբունքով ներգրավել պարտադիր զինծառայության մեջ, բանակում ներդնել մարդու իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմներ»:

Իրենց նախընտրական ծրագրերում ընդհանուր դրույթներով բանակի բարեփոխմանն անդրադարձել են Հայ հեղափոխական դաշնակցությունը «Բարգավաճ Հայաստանն», «Օրինաց երկիր», և Հայաստանի հանրապետական կուսակցությունները, սակայն այս կուսակցությունները նախաձեռնությանը բանակի հետ կապված իրենց ծրագրերը չեն տրամադրել: