4 մայիսի 2012 - 18:17 AMT
Սերժ Սարգսյանը հանձնարարել է խստացնել մարտական հերթապահությունը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում

Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Նախագահը լսել է ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի զեկույցները բանակաշինության, զինված ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև վերջին ամիսներին տարածաշրջանում և դրանից դուրս ռազմաքաղաքական ընդհանուր իրադրության, հայ-ադրբեջանական շփման գծում օպերատիվ իրավիճակի, զարգացման միտումների և սահմանագծում անդորրը պահպանելու ուղղությամբ ձեռնարկվող անհրաժեշտ միջոցառումների մասին:

Սերժ Սարգսյանը հանձնարարել է խստացնել մարտական հերթապահությունը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում, մարտունակության և կարգապահության բարձրացման ուղղությամբ շարունակական միջոցներ ձեռնարկել:

Ապրիլի 25-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում արձանագրվել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպք: Ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել էին Տավուշի մարզի Դովեղ գյուղի պաշտպանական դիրքերը, կրակոցներ էին արձակվել գյուղի ուղղությամբ: Վնասվել էր գյուղի մանկապարտեզը և մանկապարտեզի մոտ կայանած «Գազ 53» մակնիշի ավտոմեքենան:

Անվտանգության նկատառումներից ելնելով`մանկապարտեզի սաները և անձնակազմը տարհանվել էին: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդը լռել էր: Հայկական կողմից տուժածներ և վիրավորներ չկային:

Ապրիլի 27-ին՝ ժամը 04:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջև ընկած ճանապարահատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել վարորդը և ևս երկու պայմանագրային զինծառայողներ: Երեք զինծառայողներից ոչ մեկի կյանքը հնարավոր չի եղել փրկել: