4 մայիսի 2012 - 18:27 AMT
Մաշտոցի նախաձեռնությունը համալրելու է իր շարքերը և շարունակելու է պայքարել ցանկացած ապօրինության դեմ

Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժման աշխատանքները նախաձեռնող խումբը շնորհավորում է Երևանի հանրությանը Մաշտոցի այգին համայնքին վերադարձնելու առիթով, ասվում է նախաձեռնության հայտարարության մեջ:

Նախաձեռնության տարածած հայտարարության մեջ նրանք կարծիք են հայտնում, որ կանաչապատ և գեղեցիկ Երևանը կարևոր նախադրյալներից մեկն է մեր երեխաների երջանիկ մանկության համար։

Նախաձեռնությունը ողջունում է երիտասարդ գործիչներին, ում ազնիվ և հետևողական պայքարը Մաշտոցի այգում հանրության շահերը և բնական միջավայրը պաշտպանելու համար տվեց շոշափելի արդյունք։

Հաղորդագրության մեջ ասվում է. «Մենք արձանագրում ենք, որ Մաշտոցի այգում տաղավարների ապոմոնտաժումով պետության և քաղաքացիական անհնազանդություն հայտարարած քաղաքացիների միջև վեճը չի հանգուցալուծվել։ Մենք վստահ ենք, որ ոստիկանության կողմից հարուցված և նախապատրաստվող վարչական ու քրեական գործերով փաստերի բազմակողմանի, լրիվ և անաչառ հետազոտումը դատական ատյաններում լույս կսփռի պետության պաշտոնատար անձանց գործողությունների իրավաչափության վրա»:

Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ յուրաքանչյուր քաղաքացի իր հայրենիքում բարեկեցիկ և երջանիկ կյանքով ապրելու իրավունք ունի։ Այդ իրավունքը իրացնելու համար անհրաժեշտ է արմատախիլ անել երկրում կարծրացած` սակավաթիվ մարդկանց կողմից հասարակության հաշվին հարստանալու արատավոր երևույթը։ Ուստի նախաձեռնությունը համալրելու է իր շարքերը և շարունակելու է հետևողականորեն պայքարել ցանկացած ապօրինության դեմ` աջակցելով այս գործին միտված յուրաքանչյուր նախաձեռնությանը: